ՀԱՊԿ ավիացիոն ուժերը կարող են ստեղծվել մինչեւ ընթացիկ տարվա վերջ, նաեւ կազմակերպությունում կձեւավորվեն կիբերսպառնալիքների դեմ պայքարի հատուկ գործողությունների ուժեր, հայտարարել է ՀԱՊԿ գխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բելառուսական Բելտա գործակալության հետ զրույցում:
ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղությունները քաղաքական համագործակցության համակողմանի զարգացումն է, ռազմական բաղադրիչի զարգացումն ու կատարելագործումը, միջազգային ահաբեկչությանը եւ ծայրահեղականությանը, զենքի, թմրամիջոցների անօրինական շրջանառությանը եւ այլ սպառնալիքներին հակազդումը: Հավաքական անվտանգության պայմանագիրը ստորագրվել էր 1992թ. մայիսի 15-ին Տաշքենդում՝ ԱՊՀ անդամ վեց երկրների՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից: 1993թ. սեպտեմբերին դրան միացել էր Ադրբեջանը, նույն տարվա դեկտեմբերին՝ Վրաստանն ու Բելառուսը:
«Մենք հասկացանք, որ ՀԱՊԿ-ում ձեւավորված եւ զորքերին անդամակցող ուժերի համար անհրաժեշտ են դրանք գործողությունն անցկացնելու վայր տեղափոխման միջոցներ: Այդ պատճառով էլ նպատակահարմար է ճանաչվել ստեղծել ՀԱՊԿ Հավաքական ավիացիոն ուժեր… Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում մենք կավարտենք դրանց կազմավորումը», — ասել է Բորդյուժան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Խոսելով ՀԱՊԿ Հատուկ գործողությունների ուժերի մասին՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ այդ ստորաբաժանումների նպատակն է հատուկ ձեւերով եւ մեթոդներով ապահովել ՀԱՊԿ-ում այս կամ այն զինված խմբավորման գործունեության աջակցությունը:
«Միջոցը միանգամայն անհրաժեշտ է ժամանակակից պատերազմի պայմաններում: Այդպիսի հատուկ ստորաբաժանումները կարող են հակազդել կիբերհարձակումներին», — նշել է Բորդյուժան:
Ըստ նրա՝ ծրագրվում է, որ այն լինելու է ստորաբաժանումների մի ամբողջ հավաքածու, օրինակ ինչպիսին են տեղեկատվական-հոգեբանական գործողությունների ստորաբաժանումները:





























