Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը պարզաբանել է վերջերս տարածած մամուլի հաղորդագրության նրբությունները, որը վերաբերում էր մամուլում նախաքննական գաղտնիք պարունակող հրապարակումներին: Հիշեցնենք, հաղորդագրությունը լրատվամիջոցների շրջանում վրդովմունքի ալիք էր բարձրացրել:

Հունիսի 25-ի մամուլի ասուլիսում գլխավոր դատախազին հարց են ուղղել «Սահմանադրությանը հակասող հայտարարության մասին»: Ի պատասխան Գեւորգ Կոստանյանը հիշեցրել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը նման հայտարարություններ չի անում եւ խորհուրդ է տվել սկզբի համար ավելի ուշադիր ընթերցել հաղորդագրությունը:

Այնուամենայնիվ, գլխավոր դատախազը  պարզաբանել է հաղորդագրության  իմաստը՝ մտավախություն ունենալով, որ այն կրկին սխալ կհասկացվի: Գեւորգ Կոստանյանը հիշեցրել է, որ հաղորդագրությունում խոսքը նախաքննական  գաղտնիքը հրապարակելու անթույլատրելիության մասին է եղել: «Դա հանցագործություն է: Այլ կերպ ասած՝ մենք զգուշացրեցինք, որ չպետք է անօրինական գործողություններ կատարվեն: Սակայն լրագրողը սուբյեկտ չէ: Այսինքն՝ նրան  ինչ-որ մեկը հայտնել է»,- նշել է Գեւորգ Կոտանյանը: Նա հիշեցրել է, որ լրագրողը կարող է որպես վկա կանչվել, սակայն այս դեպքում էլ անձեռնմխելիություն է պահպանում՝ տեղեկության աղբյուրը բացահայտելու առումով: Եվ միայն ծանր եւ շատ ծանր հանցագործությունների դեպքում դատարանը կարող է լրագրողին պարտադրել հայտնել տեղեկատվության աղբյուրը: