Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը աննպատակահարմար է համարում ժամանակ վատնելը եւ Գորիսի նախկին քաղաքապետի հայցով իր ներկայացուցչին դատարան ուղարկելը:

Խոսքը Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատասխանատվության կանչելու մտադրության եւ դատախազության կողմից ոչ բավարար գործողությունների հետ կապված դժգոհությունների մասին է:

Հունիսի 25-ի մամուլի ասուլիսում մեկնաբանելով իրավիճակը՝ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ Սամվել Հարությունյանի նշած գործերի մեծ մասը, անկախ այն բանից՝ կատարել է դրանք արդյոք Սուրիկ Խաչատրյանը, թե ոչ, պատժի ենթակա չեն՝ վաղեմության ժամկետի պատճառով: Կոստանյանը նշել է, որ «եթե ձեր նշած սուբյեկտը գործին մոտենա իրավական տեսանկյունից, անձամբ դրանում կհամոզվի»:  Իսկ մինչ այդ գլխավոր դատախազը աննպատակահարմար է համարում ժամանակի կորուստը եւ դատին մասնակցելը:

Նշենք, որ հասարակայնությունը եւ մամուլը Խաչատրյանների ընտանիքի հետ կապում է  մի քանի աղմկահարույց հանցագործություններ: