Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակության՝ ԼՂՀ կատարած երկօրյա այցի շրջանակներում, այսօր տեղի է ունեցել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների արդարադատության նախարարությունների համատեղ սեմինար, որի ընթացքում անդրադարձ է կատարվել քրեական եւ քաղաքացիական գործերով վարույթների որոշ առանձնահատկություններին, հարկադիր կատարման ծառայության, ՔԿԱԳ համակարգի ու նոտարիատի խնդիրներին:  Հայաստանի պատվիրակության անդամները պատասխանել են իրենց գործընկերներին հուզող հարցերին, ինչպես նաեւ ներկայացրել են ՀՀ-ում նախատեսված ապագա բարեփոխումների էությունը:

Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկայացվել են Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները, որի արդյունքում կլուծվի քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման հարցը: Այն նաեւ կնպաստի ոլորտում պետական ռեսուրսների ճիշտ կառավարմանը, ինչպես նաեւ պատիժների կատարման արդյունավետ համակարգի ներդրմանը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումն ու շարունակականությունը` ոլորտների միջեւ իրավական տեղեկատվության փոխանակման եւ փոխգործակցության համատեքստում: