Ոստիկանության գործառույթների մեջ մտնում է բռնության եւ հատուկ միջոցների կիրառումը, դա ամրագրված է օրենքով: Այդ մասին հունիսի 25-ի մամուլի ասուլիսին հայտարարեց Գեւորգ Կոսդանյանը՝ մեկնաբանելով Սարյան փողոցում քաղաքացիական ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ բախումները:
Հիշեցնելով ոստիկանության գործառույթների մասին՝ գլխավոր դատախազը նշել է, որ ոստիկանները իրավունք ունեն բռնություն գործադրել անհնազանդության եւ դիմադրության դեպքում: «Ուստի պետք է խոսել ոչ թե բռնության կիրառման կամ չկիրառման մասին, այլ ուժի կիրառման համաչափության մասին»:
Նրա խոսքով՝ քաղաքացիների դիմումները կքննարկվեն, քրեական գործ հարուցելու որոշման կայացման համար նյութեր են պատրաստվում: Միեւնույն ժամանակ, գլխավոր դատախազը ընդգծել է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած անձանց գործողություններին գնահատականներ տալու անհրաժեշտությունը:
Լրագրողի հարցին, թե դատաբժշկական փորձաքննությունը միջադեպից մի քանի օր հետո է անցկացվում, Գեւորգ Կոստանյանը այդտեղ ոչ մի չար մտադրություն չի տեսնում: «Ես տեղյակ չեմ՝ իրականում փորձաքննությունը երկու օր անց է սկսվել, թե՞ ոչ, սական դա չի ազդի նրա արդյունքների վրա», - կարծում է Կոստանյանը:
Հունիսի 23-ին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի շենքի առաջ բողոքի ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոտիկանների ու ակտիվիստների միջեւ: 27 ակտիվիստ բերման է ենթարկվել, կան տուժողներ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























