Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը խոստանում է պատժել մեղավորներին եւ չպատժել անմեղներին: Այս արդար պնդումը Կոստանյանը հնչեցրել է հունիսի 25-ի մամուլի ասուլիսում:

Հարցին՝ արդյոք ասվածից հետեւում է, որ իր նախորդի օրոք այդպես չէր, եւ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ընթացքում անմեղներին պատժելու պրակտիկա էր ձեւավորվել, Գեւորգ Կոստանյանը պատասխանել է, որ միայն իր մասին է խոսում, քանի որ կարծում է, որ անձնական պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր դեպքի համար:

Ինչ վերաբերում է իր նախորդներին, նրանց փոխարեն չի կարող պատասխանել, նշել է Կոստանյանը:

Հարցին, թե արդյոք ինքը հակազդում է Աղվան Հովսեփյանին Քննչական կոմիտեի ղեկավար նշանակելուն՝  փորձելով «իր մարդուն» «նստեցնել» այդ պաշտոնին, Գեւորգ Կոստանյանը պատասխանել է, որ իր համար միեւնույն է, թե ով  կգլխավորի նոր կառույցը, քանի որ դատախազության գործառույթը դրանից չի փոխվի: