Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը խուսափել է սկանդալային օֆշորային գործի մանրամասն մեկնաբանություններից:
Հունիսի 25-ի մամուլի ասուլիսում հարց է հնչել, թե արդյոք նշված գործով անցնում են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը, եւ նշվել է, որ անհրաժեշտ քննչական գործողություններ չեն իրականացվել, ինչին գլխավոր դատախազը պատասխանել է, որ եթե ինչ-որ մեկը նման բան է պնդում, դա դեռ չի նշանակում, որ այդպես էլ կա:
«Շատ գործողություններ են իրականացվել: Փաստը, որ Աշոտ Սուքիասյանին տեղափոխել են Հայաստան, հույս է ներշնչում, որ շուտով արդյունք կլինի», - հայտարարել է Գեւորգ Կոստանյանը:
Հայաստանում «օֆշորային սկանդալը» ծագեց այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին Կիպրոսում «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության գրանցման մասին, որի բաժնետերերն իբր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը եւ ձեռնարկատեր Աշոտ Սուքիասյանն են: Ընկերությունն ուղղակի կապ ունի հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանի սնանկացման հետ: Օֆշորային ընկերության գրանցման համար «Ամերիա» բանկից խոշոր վարկ էր վերցվել: Այս տեղեկության հրապարակումից հետո Նավասարդ Կճոյանն ու Տիգրան Սարգսյանը հերքեցին այն, իսկ գործարար Աշոտ Սուքիասյանը գլխավոր դատախազին նամակ ուղարկեց, որտեղ նշված էր, որ ինքն է ՀՀ վարչապետի եւ Արարատյան թեմի առաջնորդի անունից գրանցել ընկերությունը՝ առանց վերջիններիս իմացության: Իր հերթին Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը, գտնվելով Հայաստանում, բացառել էր անձի գրանցումը՝ որպես օֆշորային ընկերության բաժնետեր, առանց վերջինիս համաձայնության:
Աշոտ Սուքիասյանը ձերբակալվել էր Վրաստանում եւ տեղափոխվել Հայաստան:




























