ՌԴ Գլխավոր դատախազության պահանջով Ֆրանսիայում կալանքի տակ է դրվել Բորիս Բերեզովսկուն պատկանող անշարժ գույքը:

«Մարսելի դատարանը կալանքի տակ է վերցրել Անթիբ քաղաքում գտնվող առանձնատունը (Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ)՝ բավարարելով ՌԴ Գլխավոր դատախազության հարցումը՝ ռուս իրավապահ մարմինների կողմից քննվող քրեական գործի շրջանակներում», - հաղորդել են ռուսական Գլխավոր դատախազությունից:

Անշարժ գույքի պաշտոնական սեփականատերը ֆրանսիական իրավաբանական անձ էր:

«Ֆրանսիական դատարանը, սակայն, ուշադրություն է դարձրել ռուսական կողմից ներկայացված փաստարկներին, այն է՝ ունեցվածքը ձեռք էր բերվել Բերեզովսկու հանձնարարությամբ եվ նրա շահերից ելնելով», - պարզաբանել են Գլխավոր դատախազությունում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ընդ որում, գերատեսչությունում նշել են, որ նման որոշումը հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների Ռուսաստան հետվերադարձի հարցերում ՌԴ-ի Գլխավոր դատախազության եւ Ֆրանսիայի իրավապահ մարմինների միջեւ սերտ համագործակցության արդյունք է:

Հիշեցնենք, ռուս նախկին օլիգարխը, ով 2000թ. սկսած ապրում էր Մեծ Բրիտանիայում, անցյալ տարվա մարտի 23-ին Լոնդոնից արեւմուտք գտնվող Ասքոտ քաղաքում իր նախկին կնոջ տանը մահացած էր գտնվել: