Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը: Աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի հերթական այցելությունն այս անգամ Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի հ. 40 տանը  վարձակալությամբ բնակվող  ամուսիններ  Հակոբ Բերբերյանի եւ Սոնյա Դաբաղյանի չորս անձից բաղկացած ընտանիքին  էր, որը վերջերս  հյուրընկալել է նաեւ Սիրիայից ներգաղթած իրենց բարեկամուհուն՝ անչափահաս երկու երեխաների հետ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե սոցիալական ապահովության վարչության պետը տանտիկնոջ հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները: Ընդգծելով, որ սիրիահայերը եւ նրանց  խնդիրները  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում են, Ռ. Զաքարյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ նման այցելությունները շարունակական բնույթ են կրում, եւ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում արել եւ անում է հնարավորը մեր հայրենակիցներին հուզող խնդիրներին լուծում տալու եւ նրանց սոցիալական պայմանները բարելավելու ուղղությամբ: Այդ համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչության պետն այս եւ մյուս սիրիահայ ընտանիքներին առաջարկել է ակտիվ կապ պահպանել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժինների հետ՝ աջակցություններն առավել հասցեական եւ նպատակային դարձնելու համար: Այս անգամ Բերբերյանների ընտանիքին որպես աջակցություն  տրամադրվել  է  հագուստ, կոշկեղեն եւ  դրամական  օժանդակություն: