Հուլիսի 6-ին ժամը 18.00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ժողովրդական երգի բարեգործական համերգ:  Համերգին մասնակցում են ժողովրդական երգի կատարողներ Արաքսյա Ամիրխանյանը, Սուրեն Ավոյանը, Գրիգոր Միրզոյանը, Եվա Թաշչյանը, Նարեկ Պողոսյանը, Դավիթ Խաչատրյանը, Եվա Եգանյանը, Նշան Մանուչարյանը և Արմեն Դավթյանը: Համերգին կլինի ժողովրդական գործիքների կենդանի նվագակցություն:

Համերգի ամբողջ հասույթը կտրամադրվի հաշմանդամ երեխաների հետ ձիերի օգնությամբ անվճար թերապիային «Կենտավր»  հիպոթերապիայի կենտրոնում:

«Կենտավրը» իրականացնում է ձիերի օգնությամբ թերապիա ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ:  Կենտրոնն ստեղծվել է 2008թ. և մինչեւ այժմ միակն է Հայաստանում: Հիպոթերապիան հունարենից թարգմանաբար նշանակում է «բուժում ձիու օգնությամբ»: Դրա հիմքում ընկած է ձիու շարժումը և էմոցիոնալ շփումը ձիու հետ: Այն միակն է վերականգնողական միջոցներից, որ ապահովում է միաժամանակյա ֆիզիկական, մտավոր և հոգեբանական ազդեցություն:

Հիպոթերապիան համարվում է ամենաազդեցիկ վերականգնողական միջոցներից մեկը մի շարք խնդիրների դեպքում, որոնք են մանկական ուղեղային կաթվածը, աուտիզմը, տարբեր ողնաշարային, նյարդային և հուզական խնդիրներ, Դաունի համախտանիշը, մտավոր հետամնացությունը և այլն: