Մշակույթի նախարարությունը վերացրել է Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման արգելքն ու համապատասխան գրություն ուղարկել ոստիկանությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը:
«Ինչպես գիտեք՝ երկու անգամ մենք դադարեցրել ենք ապամոնտաժման աշխատանքները փաստաթղթերի պատճառով, այժմ այդ դրանք կան եւ փաստորեն նրանք կարողանում են օրենքով սահմանված կարգով ապամոնտաժել շինությունը: Մենք քանդման թույլտվություն չենք տվել, տվել ենք ապամոնտաժման թույլտվություն: Անգամ այդ թույլտվությունը մենք չենք տվել, այլ Երեւանի քաղաքապետարանը: Առաջին անգամ երբ մենք դադարեցրինք ապամոնտաժումը, մեր պայմանները չէին կատարել: Պետք է մեզ պաշտոնապես ներկայացնեին ապամոնտաժման օրն ու ապամոնտաժվող քարերի վայրը, հասցեն: Երբ դրանք ներկայացրին, մենք արդեն թույլ տվեցինք: Իսկ երկրորդ անգամ դադարեցրինք, որովհետեւ չկար վարման մատյանը, որտեղ հնարավոր կլիներ կատարել գրառումներ: Հիմա սա էլ ներկայացրին, այլեւս օրենքով ոչ մի արգելք չկա»,- ասաց նա:
Կարո Այվազյանի խոսքով՝ չնայած ապամոնտաժման արգելքը վերացվել է, իրենք շարունակելու են հետեւել աշխատանքներին եւ ցանկացած պահի կարող են նորից դադարեցնել ապամոնտաժումը:
Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որայն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի։




























