Ատոմակայանի 88 օր չաշխատելու պատճառով առաջացած 17.9 միլիարդի ճեղքվածքը հենց ատոմակայանի խնդիրն է, եւ այն պետք չէ սպառողի վրա բարդել: Այս մասին հունիսի 26-ին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության» նախագահ Միլետա Արիստակեսյանը:
Նրա խոսքով՝ եթե ատոմակայանը խնդիր ուներ՝ հիդրոտուրբինը վնասվել էր, դրա աշխատանքը ամեն դեպքում պետք էր կանգնեցնել եւ վերականգնել վնասվածքը, քանի որ ատոմակայանը պարտավոր է անվտանգ աշխատել: Իսկ կանգի պատճառով առաջացած ճեղքվածքը փակելը սպառողի խնդիրը չէ, այլ հենց ատոմակայանի խնդիրն է:
«Եթե սպառողի տանը ինչ-որ էլեկտրական սարք կամ այլ բան փչանում է, սպառողին ոչ ոք չի օգնում: (Նա) հրավիրում է մասնագետի, անում են, պարտք է վերցնում թե ինչ է անում՝ ոչ ոք չի իմանում: Կարծում եմ, նույն կերպ տնտեսվարող սուբյեկտները պետք է դա անեն՝ իրենց ներքին տարբերակը գտնեն», - ասաց Միլետա Արիստակեսյանը:
Նրա կարծիքով՝ եթե Որոտանի ջուրը պակասում է անձրեւների քիչ լինելու պատճառով, պետք էր մտածել մի այնպիսի տարբերակ, որ նույնիսկ քիչ անձրեւների դեպքում էներգիան նույնը լիներ: «Մենք ունենք գիտնականներ, մենք ունենք մտածող պոտենցիալ Հայաստանում, եւ այլընտրանքային էներգիա ստեղծելու աղբյուրներ՝ պետք է դրանք զարգացնել», - ասաց Միլետա Արիստակեսյանը, ավելացնելով, որ սխալ է մտածել, որ ցանկացած խնդիր սպառողը կլուծի:
Նրա խոսքով՝ խնդիրը ինքնուրույն լուծելու փոխարեն այլ լուծում են գտել. «Քանի որ մեր սպառողը շատ «հարուստ է» եւ նրա գրպանը «լիքն է», նա կարող է ավել վճարել եւ մի քիչ օգնել էներգիա մատակարարողներին եւ փակել ճեղքվածքը: Բայց մեր սպառողի գրպանը արդեն դատարկ է, եւ այնտեղ մտնել պետք չի»:




























