Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է անհետ կորածների որոնման ուղղությամբ համատեղ աշխատանքից: Այդ մասին այսօր՝ հունիսի 27-ին, մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն եւ «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Ալավերդյանի հաղորդմամբ՝ կազմակերպության ցուցակում Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից հաշվվում են 955 անհետ կորածներ, այդ թվում՝ 547 խաղաղ քաղաքացիներ:
Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ 1992-1995թթ. ադրբեջանական գերությունից հաջողվել է վերադարձնել 2000 մարդ, մեր կողմից հայրենիք վերադարձած ադրբեջանցիների թիվը 3 անգամ ավելի շատ է: 1995թ.-ից գործընթացը դանդաղել է:
Հայաստանի առաջին օմբուդսմենը ցավով փաստել է, որ ադրբեջանական կողմը գերիների եւ անհետ կորածների հարցը քաղաքականացնում է: Հեյդար Ալիեւի կառավարության տարիներին շրջանառվում էին իբրեւ թե Հայաստանում գտնվող 6000 ադրբեջանցի գերիների մասին տվյալներ. «Այնուհետեւ ադրբեջանական կողմը գիտակցել է նմանատիպ հաստատման անմտությունը, եւ թիվը զգալիորեն կրճատել է»:
Չնայած այս ամենին՝ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է խոչընդոտել անհետ կորածների որոնումներին: Դա խանգարում է ինչպես հայկական կողմի աշխատանքներին, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:





























