Այս տարվա միասնական ընդունելության քննություններին կապի միջոցներից օգտվելով թեստը գրելու փորձի համար քննությունից հեռացվել է 6 դիմորդ, նրանցից 4-ը դիմել են՝ քննության երկրորդ փուլին մասնակցելու խնդրանքով: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողներին ասաց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը:

ԳԹԿ տնօրենը  նշեց, որ քննության ժամանակ դիմորդներից մեկի մոտից երեք հեռախոս են գտել, մյուսի մոտից էլ՝ մի ամբողջ «ռադիոկայան»:

«Մի երեխայի մոտ մի ամբողջ ռադիոկայան  հայտնաբերեցինք՝ վերնաշապիկի ներսում կարած: Ստիպված եղանք մկրատով քանդել կարերը, որ ամբողջը դուրս հանենք: Թևից դուրս եկած միկրոֆոն ուներ, անտենա՝ փաթաթված դոշին, սնուցման էլեմենտներ: Այս առումով շատ խիստ ենք: Բոլոր այն դիմորդներին, որոնք կփորձեն օգտվել կապի այս կամ այն միջոցից, մենք անմիջապես հեռացնելու ենք եւ թույլ չեն տալու մասնակցել քննության երկրորդ փուլին»,-ասաց ԳԹԿ տնօրենը:

Նշենք, որ միասնական ընդունելության քննության առաջին փուլն ավարտվել է, մեկնարկել են ներբուհական և բանավոր քննությունները: Քննության երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ին: