Արդարադատության նախարարը պատրաստվում է սահմանված ժամկետում ուսումնասիրել միջազգային փորձը եւ մշակել օրենսդրական փոփոխություն, որով մի կողմից կապահովվի քաղաքացիական հասարակության իրավունքները, մյուս կողմից դա չի խաթարի այլ անձանց իրավունքը: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Անդրադառնալով հունիսի 26-ին կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությանը, որը վերաբերում էր քաղաքացիական ակտիվիստների կողմից քաղաքական գործիչներին վիրավորելուն, Հովհաննես Մանուկյանն ընդգծեց. «Դուք վարչապետի ասածը ճիշտ չեք ընկալել: Այն քաղաքացիական հասարակության իրավունքների սահմանափակմանը չէր ուղղված, այլ նրան, թե ինչպես քաղաքացիները կարող են իրենց սահմանադրական իրավունքները ռեալիզացնել: Խոսքը վերաբերում է խոսքի ազատության, երթերի, հանրահավաքների անցկացման սահմանադրական իրավունքներին, այնպես, որ չխախտեն պետական իշխանության ներկայացուցիչների օրենքով սահմանված լիազորությունները: Հանրությունը կարող է դեմ լինել իշխանության կայացրած որոշումներին, սակայն չպետք է խաթարի այդ իշխանության ներկայացուցչի իրավունքները: Ես պատրաստվում եմ հստակ կատարել վարչապետի հանձնարարականը»,-հայտարարեց նախարարը:
Նշենք, որ հունիսի 26-ին կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը դատապարտել էր «Դեմ եմ» շարժման անդամների վարքագիծը, երբ նրանք մանրադրամներ էին նետել ԱԺ պատգամավորների եւ նախարարների վրա: Վարչապետի ելույթում ոչ մի խոսք չկար ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի վարքին, երբ վերջինս հայհոյել էր ակտիվիստներին, նրանց ասելով «Պիդռներ»:





























