Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում` նվիրված ՀՀ սահմանադրական բարեփոխումներին:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը` կազմակերպված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների շրջանակներում, հրավիրված էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով միաբանությանը ներկայացրեց հայեցակարգի դրույթները եւ հանգամանորեն անդրադարձավ բարեփոխումների կարեւորությանը` հայեցակարգի տարբեր դրույթների շուրջ տալով անհրաժեշտ լուսաբանություններ:
Քննարկման ընթացքում Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ եկեղեցականները հայեցակարգի վերաբերյալ ներկայացրին իրենց մոտեցումները: Հանդիպման մասնակիցները կարեւորեցին ներկայացված փաստաթղթի շուրջ հանրային քննարկումները` հույս հայտնելով, որ լրամշակված հայեցակարգը եւ նախատեսվող բարեփոխումները, համահունչ ժամանակի հրամայականներին, կծառայեն Հայրենիքի հզորացմանն ու ժողովրդի բարօրությանը:





























