«Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն  իր  անհանգստությունն է հայտնել Հայաստանում լրագրողների դեմ բռնության դեպքերի առիթով:

Ինչպես հաղորդվում է կազմակերպության կայքում, հունիսի 23-ին լրագրողները, ոստիկանության բաժանմունքի մոտ, 60 հավաքված ակտիվիստների հետ միասին, սպասել են նույն օրը ավելի վաղ ձերբակալված ակտիվիստների ազատ արձակմանը:

Ոստիկանը հարվածել է լրագրող Անի Գեւորգյանի դեմքին, հարվածել են նաեւ Արփի Մախսուդյանին, երբ վերջինս տեղի ունեցածը նկարահանում էր հեռախոսով: Հարձակվել են նաեւ Gala TV-ի օպերատոր Փայլակ Ֆահրադյանի վրա, եւ տրորել վերջինիս նոթբուքը: «Մենք վճռականորեն քննադատում ենք լրագրողների դեմ ոստիկանության բռնությունը, ովքեր պարզապես օրինավոր կերպով իրենց աշխատանքն են կատարում: Ոստիկանության գործողությունները չպետք է անպատժելի մնան, այլապես նրանց ագրեսիվ պահվածքը կարող կրկնվել եւ դառնալ նորմա: Լրագրողների վրա հարձակված ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - հայտարարել է Յոհան Բիրը՝ կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարը:

Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ այդ օրը ձերբակալվել է 27 ակտիվիստ:

Հիշեցնենք, որ ակտիվիստները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ եւ բերման էին ենթարկվել: