Ադրբեջանական կողմը (Իլհամ Ալիեւը-խմբ) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը գալիս է ոչ թե իր սեփական նախաձեռնությամբ, այլ Մինսկի խմբի համար: Այս մասին, այսօր՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացմանն ուղղված քննարկման ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:
«Ադրբեջանական կողմն այդ հանդիպմանը գալիս է ոչ իր սեփական նախաձեռնությամբ, քանի որ կա ձեւաչափ, որը կոչվում է Մինսկի խումբ, եւ այնտեղ Ռուսաստանը Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը մեծ դերակատարում ունեն: Բնականաբար Ադրբեջանն իր շահերը պայմանավորում է այդ երկրների հետ հարաբերությունների խնդրով: Այնուամենայնիվ, հանդիպումը երկու երկրների նախագահների միջեւ ավելի լավ է, քան ցանկացած կրակոց սահմանին»,-ասաց նա:
«Ժառանգության» պատգամավորը նաեւ նկատեց. «Լավ է 10 դիվանագետ 50-60 տարի իրենց կյանքից վատնեն սեղանի շուրջ, քան առաջին գծում մեկ զինվոր զոհվի»:





























