2014 թվականի հուիսի 12-ին եւ 18-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը  ՀՀ Արդարադատության նախարարին ներկայացրել է 2 հրատապ հաշվետվություն:

Այս առնչությամբ, խմբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Առաջին հաշվետվությունը վերաբերում էր «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Ա.Ն.-ի առողջական վիճակին, ինչի առնչությամբ Դիտորդների խումբը բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզել է, որ Ա.Ն  2014թ. մարտի 15-ին ՀՀ ԱՆ Բ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ենթարկվել է վիրահատության՝ «աջ կրծքագեղձի արմատական հեռացում ըստ Maddenե, որից հետո 2014թ. ապրիլի 1-ին դուրս է գրվել հետեւյալ ախտորոշմամբ՝ «C-r mammae dextrae p T3N2M0 3a փուլ, խառը բջջային տարբերակ, վիճակ կոմբինացված բուժումից հետո»:

Համաձայն ՀՀ կառավարության 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման հավելված 2-ով հաստատված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 6-րդ կետի` ըստ միջազգային TNM դասակարգման 3-րդ աստիճանի չարորակ նորագոյացությունները (անկախ տեղակայումից) հանդիսանում են պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն:

Երկրորդ հրատապ հաշվետվությունը վերաբերում էր նրան, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության արդյունքների հիման վրա ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը դեռեւս 2014թ. մայիսի 7-ին հրատապ հաշտվետվություն էր ներկայացրել նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Հ.-ի անվտանգությունը, քրեակատարողական հիմնարկում նրա նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների դեպքերի ամբողջական քննությունն ապահովելու, պատճառները պարզելու եւ հետագայում նման դեպքերի կրկնման հնարավորությունն իսպառ բացառելու վերաբերյալ: Մինչ օրս Խումբը չի ստացել որեւէ պատասխան հրատապ հաշվետվության վերաբերյալ, մինչդեռ այն պետք է ներկայացվեր եռօրյա ժամկետում: Խումբն արձանագրում է, որ այս պահի դրությամբ շարունակվում են դատապարտյալ Ա.Հ.-ի իրավունքների խախտումները:

Մեկ անգամ եւս ընդգծելով Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը իր իրավազորության տակ գտնվող ազատազրկված անձանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության եւ առողջության պահպանությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաեւ խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքը եւ նման դեպքերի արդյունավետ քննության պետության պարտականությունը, խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել դատապարտյալ Ա.Հ.-ի անվտանգությունը, տեղի ունեցած ոտնձգությունների դեպքերի ամբողջական քննությունն ապահովելու, նրա նկատմամբ նման վերաբերմունքի պատճառները պարզելու եւ հետագայում նման դեպքերի կրկնման հնարավորությունը իսպառ բացառելու ուղղությամբ:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարության դրսեւորած վերաբերմունքի կապակցությամբ, քանի որ վերոգրյալ հաշվետվություններով բարձրացվել էին հրատապ արձագանքման եւ լուծման ենթակա խնդիրներ, եւ արդարադատության նախարարության՝ որպես իրավասու մարմնի նման գործելաոճը գնահատվում է որպես անգործություն եւ անտարբերություն:

Նման գործելակերպի շարունակման դեպքում Դիտորդների խումբն իր գործունեության նպատակների իրականացումը կապահովի օրենքով չարգելված բոլոր միջոցներով: