Քառյակ-Քոչարյան հավանական համագործակցության մասին Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը խոսել է իր անունից, ոչ թե ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

«Ինչքան որ ես մասնակցել եմ քառյակի հանդիպումներին, Քոչարյանին այնտեղ չեմ տեսել: Ցանկացած քաղաքական գործիչ կարող է օգտագործել ստեղծված իրավիճակն իր օգտին: Երկում առկա են խնդիրներ, որոնք բոլորն էլ տեսնում են եւ կարող են կարծիք հայտնել դրա մասին, չի կարելի ասել, որ մենք այդ մարդկանց հետ համագործակցում ենք: Ստեփան Մարգարյանն իր կարծիքն է հայտնել, ոչ թե ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի»,- ասաց նա:

Անդրադառնալով քառյակի գործունեությանը՝ պատգամավորը նշեց, որ չնայած ամեն օր քաղաքական հայտարարություն չեն անում, այնուամենայնիվ, մշտապես կապի մեջ են եւ միասին տարբեր հարցեր են քննարկում. «Չի բացառվում, որ առաջիկայում կունենանք նոր նախաձեռնություն կուտակայինի վերաբերյալ, այս պահին քննարկվում են մի քանի խնդիրներ: Պետք է գիտակցենք, այնուամենայնիվ, որ հուլիս-օգոստոս ամիսներին քաղաքական կյանքը պասիվանալու է, քանի որ մարդիկ արձակուրդի մեջ են լինելու, կամ էլ խորհրդարանական տարբեր հանձնաժողովների հետ ճանապարհորդությունների մեջ են լինելու»:

Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ստեփան Մարգարյանը հայտնել էր, որ հնարավոր է Քոչարյանն ու քառյակը համագործակցեն: Քաղաքական մի շարք վերլուծաբաններ համոզված են սակայն, որ քառյակն այժմ էլ համագործակցում է երկրորդ նախագահի հետ: