ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը մեծ բարիք կբերի երկրի յուրաքանչյուր քաղաքացու, հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Բաթումում կայացած պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդաժողովում:
Մարգվելաշվիլին չի մեկնել Բրյուսել ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու: Նրա փոխարեն փաստաթղթի տակ ստորագրել է վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
«Սա պատմական պահ է: Այս պահից Վրաստանն է ավելի մոտենում եվրոպական հանրությանը: Այս սերտացումը շատ բաներում է արտահայտվում: Նախ, սա մեր տնտեսությունների սերտացումն է, բարեփոխումները, որոնք կխորացնեն Վրաստան-ԵՄ համագործակցությունը, մենք նաեւ կմիանանք անվտանգության եվրոպական համակարգին: Իհարկե, այս համաձայնագիրը մեծ բարիք կպարգեւի վրացական յուրաքանչյուր ընտանիքի եւ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու», - հայտարարել է Մարգվելաշվիլին:
Իր հերթին վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին նախքան ստորագրման արարողությունը հայտարարել է, որ համաձայնագրի ստորագրմամբ Վրաստանին հնարավորություն է տրվում վերադառնալ իր պատմական միջավայր:
«Այսօր պատմական օր է Վրաստանի համար, որը կմնա մեր բոլորիս հիշողություններում: Մեր բոլորիս պատմություններում կան ամսաթվեր, որոնցով հպարտանում ենք: Վրաստանին հնարավորություն է տրվում վերադառնալ իր պատմական միջավայր՝ Եվրոպա, քաղաքական, տնտեսական եւ մշակութային տեսանկյունից»,- հայտարարել է Գարիբաշվիլին, փոխանցում է «Նովոստի-Գռուզիան»:





























