Այս տարի դիմորդները միասնական ընդունելության քննություններից հավաքել են գրեթե նույն միավորները, ինչ նախորդ տարի: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողներին ասաց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը՝ ամփոփելով միասնական ընդունելության քննության առաջին փուլի արդյունքները:
«Կայունացման միտում է զգացվում: Շտեմարանների որակն էլ բարելավվում է: Արդյունքները նույնն են մնացել հայոց լեզվի, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, հայոց պատմության դեպքում: Այս տարի հայոց լեզվից միջինը 13,46 էր, անցած տարի՝ 13,41: Կտրվածներն այս տարի 8 % են կազմել, նախորդ տարի՝ 7 %-ը: Որոշ չափով իջել է գնահատականը օտար լեզուների պարագայում: Անցած տարի նորմայից բարձր արդյունքներ ունեցանք «Օտար լեզու» և «Կենսաբանություն» առարկաներից: Այս տարի շտեմարաններն ավելի հստակեցնելու, առաջադրանքների թիվը մեծանալու արդյունքում դրանց գնահատականներն իջան»,-նշեց Գագիկ Մելլիքյանը:
ԳԹԿ տնօրենը տեղեկացրեց, որ բուհեր ընդունվելու հայտ է լրացրել 12 246 դիմորդ, որոնցից 4 հազարը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում: Դիմորդների թիվն ամենից մեծն է եղել Լոռու ու Շիրակի մարզերում, ամենից քիչը՝ Վայոց ձորում: Նախորդ տարիների պես այս տարի եւս ամենից մեծ թվով դիմորդներ քննություն են հանձնել «Հայոց լեզու» առարկայից՝ 6838: Բոլոր առարկաներից բացակաների թիվը 1120-ն է եղել:
«Բացակայությունների պատճառները տարբեր են: Հիվանդության պատճառով 48 դիմորդ չի մասնակցել քննության: Այն դիմորդները, որոնք քննասենյակում վատ են զգացել եւ դիմել են քննությունը ընդհատելու խնդրանքով: Նրանք հնարավորություն ունեն քննության երկրորդ փուլին մասնակցելու»,-ասաց Գագիկ Մելիքյանը:
Նշենք, որ միասնական ընդունելության քննության առաջին փուլն ավարտվել է, մեկնարկել են ներբուհական և բանավոր քննությունները: Քննության երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























