Հայաստանում մարզպետարանները նախընտրում են պետական գնումներն իրականացնել հիմնականում մեկ անձից: Չնայած որ օրենքով նախատեսվում է բաց գործընթաց, ըստ էության, մրցույթներ չեն իրականացվում, հունիսի 27-ին  հակակոռուպցիոն կենտրոն «Transparency International» ՀԿ-ի կողմից իրականացրած պետգնումների համակարգի դիտարկման արդյունքները ներկայացնելուց հետո հայտարարել է կազմակերպության պետգնումների հարցով փորձագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Արտակ Մանուկյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում պետական գնումների մասին օրենսդրությունը, մեկ անձից գնումներ կատարելու տեսակետից, համապատասխանում է միջազգային փորձին, սակայն կատարելու աստիճանը եւ իրականացնելու մեխանիզմները միանգամայն տարբեր են:  «Պետգնումների համակարգի գործարքների 50%-ը կնքվում է մեկ անձի հետ: Մենք փորձել ենք ուսումնասիրել ընկերությունների  հիմնադիրները եւ նկատել, որ  կան որոշակի դեպքեր, երբ կապ է եղել 4 եւ ավելի անգամ հաղթած եւ ընտրված ընկերությունների եւ մարզպետարանների միջեւ: Եւ պետք է եզրակացնել, որ այդ ընկերության հետ պայմանագրի կնքումը օբյեկտիվ չի եղել», - ընդգծել է Արտակ Մանուկյանը: Նա նշել է, օրինակ, որ հայտնաբերվել է կապ «Ճամբարակի շինարարական ընկերություն» ՓԲԸ-ի եւ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի միջեւ կամ էլ հաստատվել են այն հրապարակումները, որ «Արգիշտի1» ՍՊԸ-ի հիմնադիր Սեյրան Դարբինյանը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբայրն է: 

Ամփոփելով Հայաստանում պետգնումների համակարգի դիտարկման արդյունքները՝ Արտակ Մանուկյանն ընդգծել է, որ գործարքների 15 – 20%-ը դեռ  ենթակա են կոռուպցիոն ռիսկերի: