Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի կողմից ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանն ընդհանուր տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների տեսակետից, ըստ էության, ավելի խոցելի չի դառնա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է տնտեսագետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով՝ նշված երկրների հետ ասոցացման համաձայնագրի կնքումը Հայաստանի համար նորություն չէր: «Մենք գիտեին, որ տեղի է ունենալու, քանի որ մինչ այդ պարբերաբար բանակցություններ էին ընթանում: Ծայրահեղ դեպքում մեր կապերն այդ երկրների հետ այնպիսին են, որ անգամ այս պահին մենք խոցելի չենք դառնա: Մեր իշխող ուժը բազմիցս հանդես է եկել պատրաստականությամբ ստորագրել համաձայնության քաղաքական հատվածը»,- նշել է Վարդան Բոստանջյանը՝ պարզաբանելով, որ նման պայմաններում Հայաստանը դեռ հնարավորություն ունի թեկուզեւ առաջին փուլում, սակայն քիչ խոցելի լինել ինչպես ԵՄ անդամ երկրների հետ հարաբերություններում, այնպես էլ ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքած երկների հետ:
Հիշեցնենք, որ Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան հունիսի 27-ին Եվրամիության անդամ երկրների ղեկավարների արտահերթ նիստում կնքել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր, որը ներառում է ԵՄ հետ առեւտրի ազատ գոտու ստեղծում:




























