Շատ կարեւոր է հարցն այն մասին, թե ինչ նոր սակագներ են սահմանվելու Վրաստանի տրանզիտային ճանապարհի օգտագործման համար Թբիլիսիի կողմից ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի կնքումից հետո: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներին Վրաստանի կողմից ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի կնքումից հետո:
Նրա խոսքով, ըստ էության, կգործեն տարբեր տնտեսական համակարգեր. Հայաստանում՝ Մաքսային միության չափանիշների հիման վրա գործող համակարգ, Վրաստանում՝ եվրոպական չափանիշների: «Այդ դեպքում խնդիր է ծագում տրանզիտային ճանապարհի համար հավելյալ վճարի կապակցությամբ: Կարող են լինել նաեւ բացասական հետեւանքներ, եթե վրացիները պահանջեն հավելյալ վճար տրանզիտային ճանապարհի օգտագործման համար: Սակայն տեղյակ չեմ, թե որքանով է հարցը քննարկվել Վրաստանի հետ, հակառակ դեպքում, եթե հարցը համաձայնեցված չէ, խնդիրներ կծագեն»,- ընդգծել է Վահագն Խաչատրյանը: Ընդհանուր առմամբ, ընդդիմադիր տնտեսագետի տեսակետի համաձայն, հաշվի առնելով տարածաշրջանային համագործակցության խնդիրները, Հայաստանը ներքին պետք է դեռ ներքին խնդիրները լուծի, ինչը տեղի չի ունենում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Հիշեցնենք, որ Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան հունիսի 27-ին Եվրամիության անդամ երկրների ղեկավարների արտահերթ նիստում կնքել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր, որը ներառում է ԵՄ հետ առեւտրի ազատ գոտու ստեղծում: Հայաստանն ավարտին է հասցնում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու նախապատրաստումը:





























