Եթե խոսք է գնում որեւէ երկրի կողմից մեկ այլ երկրի շրջափակման դատապարտման մասին, ապա այս սկզբունքը պետք է կիրառել բոլոր երկրների պարագայում՝ այս առաջարկության հեղինակը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակեևպությունում (ՍՏՀԿ) հայկական պատվիրակությունն է, որը հունիսի 1-4-ը մասնակցել է Բելգրադում տեղի ունեցած ՍՏՀԿ խորհրդարանական վեհաժողովին։ Հայկական պատվիրակության չորս անդամները՝ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), Արեգ Ղուկասյանը (ՀՀԿ), Վարդան Բոստանջյանը (ԲՀԿ) եւ Վարդան Խաչատրյանը («Ժառանգություն») երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով Վեհաժողովի աշխատանքները, հայտնեցին, թե Հայաստանը Վեհաժողովում հաղթանակ է տարել ադրբեջանական եւ թուրքական քարոզչության ու ապակառուցողական դիրքորոշման նկատմամբ։

Վեհաժողովի ընթացքում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ռուսաստանի կողմից բանաձեւի առաջարկ է ներկայացվել, որով առաջարկվել է  դատապարտել  Իսրայելի կողմից Գազայի շրջափակված տարածք մարդասիրական օգնություն տեղափոխած նավատորմի նկատմաբ ռազմական ագրեսիան, ինչպես նաեւ Իսրայելի կողմից Գազայի շրջափակումը։ Հայկական պատվիրակության անդամներն առաջարկել են քվեարկության դնելուց առաջ բանաձեւում  ավելացնել եւս մեկ պարբերություն՝ դատապարտելով ոչ միայն Իսրայելի, այլ ցանկացած այլ երկրի կողմից մեկ այլ երկրի շրջափակումը։ «Եթե Թուրքիան խոսում է Իսրայելի  կողմից Գազայի շրջափակման մասին, ապա տրամաբանական է, որ պետք է խոսի նաեւ հենց իր՝ Թուրքիայի կողմից Հայաստանի եւ Կիպրոսի շրջափակման մասին, եւ եթե անշուշտ դատապարտի սեփական վարքագիծը»,- ասաց Վարդան Խաչատրյանը։

Երբ հայկական պատվիրակության առաջարկը, ըստ պատվիրակության անդամների, հարուցել է բանաձեւի հեղինակների, մասնավորապես՝ Ադրբեջանի ու Թուրքիայի դժգոհությունը։ Առաջարկը դրվել է քվեարկության եւ երկու դեմ, երկու կողմ, ութ ձեռնպահ ձայներով չի ընդունվել։ Չի ընդունվել նաեւ բանաձեւի սկզբնական տարբերակը, քանի որ դրան կողմ է քվեարկել ընդամենը 4 երկիր։ Բանաձեւի հեղինակներին քվեարկության տապալումը խիստ վրդովվեցրել է։