«Ժառանգություն» կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշել է, թե կուսակցությունը, ողջունելով հարեւան Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան` այն դիտարկում է որպես երկու բարեկամ ժողովուրդների բազմակողմանի հարաբերությունների զարգացումը խթանող եւս մեկ քայլ: «Այդ այցը, մեր կարծիքով, պետք է լիներ երկու հարեւան ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների մակարդակը բարձրացնելուն, այդ թվում հատկապես երկուստեք բնակվող ազգակիցների հիմնախնդիրների լուծմանն ուղղված այց: Այդպիսի ակնկալիքը պայմանավորված էր վերջին տարիների ընթացքում Ջավախքի բնակչության ու վիրահայության իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստերով: Ցավոք, ակնկալիքները ոչ միայն չարդարացան, այլ նաեւ ՀՀ իշխանությունները դրսեւորեցին մարդու իրավունքները ոտնահարող քայլեր. ՀՀ ոստիկանության աշխատակիցները եւ կարմիր բերետավորները ջավախահայերի բողոքի խաղաղ գործողությունները բռնությամբ խոչընդոտեցին եւ արգելեցին»,- ասված է հայտարարության մեջ:

«Ժառանգություն» կուսակցությունը միաժամանակ նշում է, որ շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել ջավախահայերի` հայրենի Ջավախքում խաղաղ ապրելու, սոցիալ-տնտեսական բարվոք պայմանների ստեղծման, ինչպեսեւ հայեցի կրթության ու կենսակերպի անհրաժեշտությունը` խարսխված Վրաստանի եւ Հայաստանի բարեկանոն ու անհակամարտ գործընկերության վրա, եւ հայտարարում, թե Միխեիլ Սահակաշվիլու այցի կապակցությամբ ջավախահայերի կազմակերպած բողոքի խաղաղ միջոցառումները ՀՀ իշխանությունները պարտավոր էին ընդունել որպես Ջավախքում առկա հիմնախնդիրների մասին պատշաճ եւ միջազգայնորեն ընդունված քաղաքակիրթ հերթական հիշեցում Վրաստանի բարձրաստիճան պատվիրակությանը:

Կուսակցությունը նաեւ խստորեն դատապարտում է ուժային մարմինների անօրինական գործողությունները եւ մեկ անգամ եւս ՀՀ իշխանություններից պահանջում մշտապես հետամուտ լինել Ջավախքի հիմնախնդիրների արդյունավետ ու արագ լուծմանը: