Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար անհասկանալի է, թե ինչ նկատի ունի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ասելով, թե քառյակին համատեղ խոսնակ է հարկավոր:
«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչ նկատի ունի իմ հարգարժան գործընկերը՝ ասելով, որ մեզ խոսնակ է հարկավոր: Կարծում եմ, որ մենք աշխատանքային շատ օպտիմալ եւ արդար տարբերակ ենք ընտրել: Որ խմբակցությունում տեղի է ունենում հանդիպումը, այդ ուժի ներկայացուցիչն էլ ներկայացնում է հանրությանը հանդիպման մանրամասները»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Գրեթե նույն կարծիքին են ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ու ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Խոսնակի կարիք չկա, բայց եթե «Ժառանգությունը» նման առաջարկ ունի, թող ներկայացնի եւ մենք կքննարկենք: Առհասարական, մեր ձեւաչափն այնպիսին է, որ եթե որեւէ քաղաքական ուժ առաջարկ ունի, ներկայացնում է, մենք քննարկում ենք»,- նշեց Աղվան Վարդանյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով էլ քառյակն իր բոլոր որոշումները միասին է կայացնում, հետեւաբար այս դեպքում էլ պետք է լինի քննարկում, որից հետո արդեն որոշում՝ արդյոք իրենց խոսնակ հարկավոր է, թե չէ:
Ինչ վերաբերվում է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե քառյակի համագործակցությունը պետք է դուրս գա խորհրդարանից, Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ քառյակը միայն խորհրդարանական գործունեությամբ չէ, որ սահմանափակվում է:
«Ցանկացած լրջագույն խնդրին քառյակը արձագանքում է: Վերջին օրինակը հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագինը որոշելու համար հրավիրված նիստին մեր պատգամավորների մասնակցությունն էր, ինչպես նաեւ դրսում քաղաքացիների հետ պայքարելը: Մենք եղել ենք նաեւ «Դեմ եմ»-ի ակցիաներին: Բացի դրանից սեպտեմբերի վերջին քառյակի միացյալ հանրահավաքն է լինելու, որի ժամանակ մենք ի մի կբերենք, թե քառյակի պահանջներից որոնք են իշխանությունները կատարել»,- ավելացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Նշենք, որ հուլիսի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Ժառանգության» առաջնորդը հայտարարել էր, որ խորհրդարանական չորս կուսակցությունները խոսնակ չունեն, մեկը, որը կարտացոլեր իրենց համատեղ դիրքորոշումը, եւ այդ բացթողում է:





























