Ստեփանակերտ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել ԼՂՀ մայրաքաղաքի գործընկերների հետ:
Ողջունելով Երեւանի քաղաքապետին եւ պատվիրակության անդամներին` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հակիրճ ներկայացրել է հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջեւ հաստատված համագործակցության արդյունքներն ու շնորհակալություն հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երեւանի եւ Ստեփանակերտի արդյունավետ համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման հարցում ցուցաբերվող մշտական պատրաստակամության եւ ջանքերի համար: «Երկու տարի առաջ էր, երբ համայն հայության մայրաքաղաք Երեւանը բարեկամության եւ համագործակցության ձեռք մեկնեց Ստեփանակերտին եւ այսօր, պարոն քաղաքապետ, հաճելի է արձանագրելը, որ երկուստեք մեր փոխգործակցությունը բոլոր ուղղություններով զարգանում է արդյունավետորեն, գրանցվող հաջողություններն էլ իսկապես շոշափելի են: Եվ այդ ամենում, անշուշտ, շատ մեծ է Ձեր անձնական ներդրումը, ինչի համար մեկ անգամ եւս ուզում եմ իմ եւ բոլոր ստեփանակերտցիների անունից ի դեմս Ձեզ շնորհակալություն հայտնել Երեւանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմին՝ երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնելու գործում ցուցաբերվող մշտական պատրաստակամության ու ջանքերի համար», -նշել է Սուրեն Գրիգորյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երեւանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանն իր հերթին, նկատել է, որ հայկական երկու մայրաքաղաքների միջեւ փոխգործակցության հաստատումն անհրաժեշտություն էր՝ ընդգծելով, որ Ստեփանակերտը Երեւանի համար ոչ միայն քույր քաղաք է, այլեւ հարազատ օջախ, ինչն իր հերթին նաեւ պարտավորեցնող է: «Ստեփանակերտի հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը մեզ համար ոչ միայն գործնական, այլեւ բարոյական մեծ նշանակություն ունի: Աշխատանքային խմբերի համագործակցված աշխատանքն անցած ժամանակահատվածում իսկապես նկատելի է եւ, հաշվի առնելով, որ այս տարի, ըստ էության, լրանում է երկամյա համագործակցության համաձայնագրի ժամկետը, առաջարկում եմ, այն թարմացնենք եւ արդեն հաջորդ համաձայնագիրը ստորագրենք քառամյա ժամկետով: Իմ կողմից արդեն իսկ հանձնարարվել է համապատասխան օղակների պատասխանատուներին, Ստեփանակերտի գործընկերների հետ միասին, քննարկել եւ նախապատրաստել նոր համաձայնագրի նախագիծը: Ես համոզված եմ, որ համագործակցության շարունակականության շնորհիվ եւս կգրանցենք նշանակալի արդյունքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է Տարոն Մարգարյանին, որ որոշվել է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի երրորդ շաբաթ օրը նշել որպես Ստեփանակերտի հիմնադրման օր եւ, օգտվելով առիթից, պաշտոնապես հրավիրել է Երեւանի քաղաքապետին ԼՂՀ՝ մայրաքաղաքի օրը միասին տոնելու:





























