Վրաստանում ձերբակալվել է ադրբեջանական ընդդիմադիր շարժման անդամ Դաշգին Աղալարովը: Վրաստանի դատախազության տեղեկացմամբ, «ներկայում քննարկվում է Աղալարովի արտահանձնման հարցը, եւ որոշումը կայացվելու է միջազգային համաձայնագրերով նախատեսված նորմերին համապատասխան»:

Դատախազությունը Դաշգին Աղալարովի ձերբակալության պատճառների մասին ոչինչ չի հաղորդում:

Վրաստանում ադրբեջանցու ձերբակալության մասին տեղեկությունը տրամադրել է Կովկասյան ինստիտուտը: Грузия Online-ի փոխանցմամբ, Աղալարովը մի քանի օր առաջ ձերբակալվել է Բաթումում, Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքով:

Աղալարովի ձերբակալության մասին տեղեկությունը տարածել են նաեւ ադրբեջանական լրագրողները: Նրանք գրում են, որ Աղալարովը հետախուզվում էր 4 հազար եվրոյի չափով հարկերից խուսափելու համար, սակայն իրականում հետապնդման պատճառը, նրանց խոսքով, Աղալարովի ակտիվ ընդդիմադիր գործունեությունն է: