Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւին եւ նրա հետ քննարկել երկկողմ ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՌԴ վարչապետը ողջունել է Հովիկ Աբրահամյանին Սոչիում եւ նշել. «Մենք Ձեզ հետ պայմանավորվել էինք, որ որպես վարչապետ կժամանեք Ռուսաստան, ինչը հնարավորություն է տալիս քննարկել ռուս-հայկական հարաբերությունների լայն շրջանակ՝ սկսած ինտեգրացիոն գործընթացներից, վերջացրած առեւտրատնտեսական եւ հումանիտար բնագավառներում համագործակցությունից: Մեր երկրներն ունեն դաշնակցային հարաբերություններ, եւ այդ մասին խոսելու հարկ էլ չկա: Սրտանց Ձեզ ողջունում եմ Սոչիում»:
«Շնորհակալություն, Դմիտրի Անատոլիի, հրավերի եւ տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու հնարավորության համար: Կարծում եմ՝ կկարողանանք մեր առանձնազրույցում արդյունավետ քննարկել մեզ հետաքրքրող հարցերը»,- իր հերթին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը եւ ընդգծել դրանց հետագա զարգացման ու ընդլայնման կարեւորությունը երկու երկրների համար:
Հովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առեւտրատնտեսական եւ ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը` ներառյալ էներգետիկ, արդյունաբերական եւ ենթակառուցվածքների բնագավառների համատեղ ծրագրերը: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ դրանք էապես կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին:
Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, դրա անվտանգության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերին, միջտարածաշրջանային համագործակցությանը, միգրացիոն, առողջապահական, հումանիտար եւ մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Առանձնազրույցից հետո Հովիկ Աբրահամյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ երկու երկրների պատվիրակությունները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկել են նաեւ աշխատանքային ճաշի ընթացքում:






























