Արդեն սովորական է դարձել այն, որ ռուսական քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում հակահայկական հայտարարություններ են արվում, իսկ հայկական կողմից լավագույն դեպքում վեհերոտ պատասխաններ են հնչում: Դրա վկայությունն էր հուլիսի 11-ին «Եվրասիական ընտրություն. Հայաստան-2014» թեմայով» հեռուստակամուրջի ժամանակ հայ պատգամավորի պատասխանն այն հարցին, թե արդյոք ժամանակը չէ ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովը փոխակերպել եւ Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողով ձեւավորել:
Հարցն ուղղվել է հայ պատգամավոր, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանին, որը խիստ եւ համարժեք պատասխան տալու փոխարեն ընդամենն ասել է. «Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովն այսօր այնքան էլ լարված չի աշխատում… Սակայն այն հարցին, թե որքանով է անհրաժեշտ այդ հանձնաժողովի գոյությունը կամ դրա փոխակերպումը, կարող է պատասխանել միայն հանձնաժողովի նախագահը»: Շահգելդյանը նաեւ նշել է, որ ներկայումս խորհրդարանում ներկայացվում են նախաձեռնություններ եւ փոփոխվում օրենքները՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացին համաձայնեցնելու համար:
Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետաձգմանը՝ Շահգելդյանն ասել է, որ մինչեւ աշուն հետաձգումը անորոշություն է ստեղծում Հայաստանում, ինչպես նաեւ անհանգստություն պատճառում: Ըստ նրա՝ ՀՀ քաղաքական բոլոր ուժերը միանշանակ դիրքորոշում ունեն ԵՏՄ-ին անդամակցելու եւ տվյալ համատեքստում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում:





























