Երեւանի եւ ԼՂՀ քաղաքների միջեւ համագործակցությունն առավել գործնական հիմքերի վրա զարգացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների ԼՀՂ կատարած այցի ընթացքում կնքվելու են հուշագրեր Երեւանի վարչական մի շարք շրջանների ու ԼՂՀ-ի քաղաքների միջեւ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երեւանի Աջափնյակ վարչական շրջանը ԼՀՂ Շուշի քաղաքի հետ այսօր սերտորեն համագործակցելու է մի շարք ոլորտներում: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը եւ Շուշիի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը հուշագիր են վավերացրել՝ բազմակողմ համագործակցության նպատակով:

Հուշագիրը ներառում է կողմերի միջեւ փորձի փոխանակում քաղաքային տնտեսության, կրթական, մշակութային ոլորտներում, ինչպես նաեւ մասնագետների փոխայցեր:

«Վստահ եմ, որ Երեւանի եւ Շուշիի միջեւ այս հուշագրի ստորագրումը համագործակցության մեծ ներուժ ունի եւ ծառայելու է Երեւանի ու ԼՂՀ  քաղաքների միջեւ առկա սերտ համագործակցության առավել ամրապնդմանը»,-նշել է Արտավազդ Սարգսյանը:

Շուշիի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը իր հերթին եւս կարեւորել  է փոխգործակցության հաստատումն ու ընդլայնումը.

«Ուրախ ենք, որ այսպիսով եւս մեկ հնարավորություն ստեղծվեց ամրապնդելու համագործակցությունը: Երեւանի եւ ԼՀՂ միջեւ գործակցությունը յուրաքանչյուրիս պարտավորությունն ու պատասխանատվությունն է»,- ասել է Վլադիրմիր Կասյանը: