Մոսկվայում բժիշկները հերքել են  Հայաստանում ախտորոշված անբուժելի հիվանդության՝ Գուդփասչերի սինդրոմի առկայությունը Հրազդանի բնակիչ 17-ամյա Տիգրան Ավետիսյանի  մոտ. նրա հիվանդությունը հնարավոր է բուժել Հայաստանում: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Տիգրան Ավետիսյանի ուսուցչուհին՝ Գայանե Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ Տիգրանն արդեն վերադարձել է Հայաստան։

«Փառք աստծո, Գուդփասչերը հերքվեց, բայց Տիգրանի վիճակը հիմա էլ շատ վատ է: Այնտեղ ախտորոշված հիվանդությունը կապված է արյան անոթների հետ՝ անոթների բորբոքում է, բայց այն հնարավոր է բուժել: Տիգրանը վերադարձել է Հայաստան, բժիշկները հիմա նոր պրոցեդուրաներ են սկսել: Նրա հաշվեհամարին հավաքված 6500 դոլարը բավական էր միայն Մոսկվա հասնելու և հետազոտություններ անցկացնելու համար»,- պատմեց Տիգրանի ուսուցչուհին:

Տիկին Գայանեի խոսքով՝ Տիգրանին  բուժման համար նշանակված նոր դեղը բավական թանկ արժե, իրենք շարունակելու են դրամահավաքը. «Բժիշկներն ասում են, որ պետք է բուժումն արագացնել: 1 ամսվա համար  նրան նշանակել են «Մաբտերա» դեղամիջոցը, որը պետք է ընդունի շաբաթական 500 մգ չափաբաժնով: Այդ դեղի 100մգ-ն արժե 194 000 դրամ: Այս պրոցեդուրայից հետո հնարավոր է՝ նրա վիճակը լավանա և բուժման հետագա փուլերի անհրաժեշտություն չլինի, հակառակ դեպքում արյան փոխպատվաստում կանեն մի քանի փուլերով»:

Ուսուցչուհին պատմեց, որ Տիգրանը, տեղեկանալով, որ իր հիվանդությունը հնարավոր է բուժել, ավելի է ոգևորվել եւ խոստացել, որ կդիմանա ցանկացած ցավի:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Հրազդանի Վանատուր թաղամասի 17-ամյա բնակիչ Տիգրան Ավետիսյանի մոտ Հայաստանում հայտնաբերվել էր բացառիկ հիվանդություն՝ Գուդփասչերի սինդրոմով:  Դա իմունային համակարգի հազվագյուտ հանդիպող հիվանդություն է, այն ախտահարում է երիկամներն ու թոքերը, քայքայում է ներքին օրգանները: Հայ բժիկների հորդորով հարազատները նրան տեղափոխել  էին Մոսկվա, որպեսզի գոնե 10-15 տարով երկարացնեն Տիգրանի կյանքը:

Տղայի բուժման համար հաշվեհամարներ են բացվել։

ՀՀ դրամ-16025073043101

ԱՄՆ դոլար-16025073043102

Եվրո-16025073043103

ՌԴ ռուբլի-16025073043104

Հաշվեհամարները բացված են ՎՏԲ Հայաստան բանկում, հաշվետեր՝ Ոսկանյան Սյուզաննա Լևոնի:

Ինգա Հայրիյան