Սահմանադրական բարեփոխումներն նպատակուղղված չեն իշխանության վերարտադրության խնդիրների լուծմանը: Այդ մասին այսօր՝ հուլիսի 12-ին, մամուլի ասուլիսին հայտարարել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս հանրային քննարկմանը ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում էականորեն վերանայվում են այն բոլոր հնարավոր իրավական լծակները, որոնք կարող են՝ որպես իշխանության վերարտադրության գործիք ծառայել:
Գեւորգ Դանիելյանը ընդգծեց, որ կառավարման ձեւի շուրջ միասնական կարծիք դեռ չի ձեւավորվել: «Մեծամասնությունը հանդես է գալիս խորհրդարանական կառավարման ձեւի օգտին: Եթե կառավարման նման ձեւն ընդունվի, ապա որոշակի վերապահումներով»: Հանձնաժողովի անդամները, այդ թվում նաեւ ես, հանդես կգանք կառավարման այս ձեւի օգտին, սակայն որոշակի երաշխիքներ կպահանջվեն: Եթե նման երաշխիքներ չլինեն, ապա չեն լուծվի այն խնդիրները, որոնք ականկալվում է, պետք է լուծում ստանան», նշեց Դանիելյանը:
Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ սահմանադրական բաերփոխումները չիրականացվեն, Գեւորգ Դանիելյանը նման կարծիք հայտնեց: «Ներկա գործընթացները թույլ չեն տալիս ենթադրել, որ սահմանադրական բարեփոխումների խնդիրը կդադարի այժմեական լինել»:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումներին, ապա Դանիելյանն ասաց, որ հանդիպումներն ընթանում ըստ սպասվող սցենարի: Գեւորգ Դանիելյանի համոզմամբ, քննարկումները անցնում են հանդուրժող մթնոլորտում: «Իհարկե, լինում են նաեւ սուր հարցեր, սակայն երկրի հիմնական օրենքի վերաբերյալ գործընթացները հենց այդպես էլ պետք է լինեն», - եզրափակեց հատուկ հանձնաժողովի անդամը:





























