«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով զբաղվող քննիչը դիմել է Կենտրոնի եւ Նոր Մարաշի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի գործով կալանավորված Գոռ Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը երկարաձգվի եւս 2 ամսով. միջնորդությունը դատարանը կքննի հուլիսի 14-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Երկուշաբթի որոշվելու է՝ կալանքի ժամկետը երկարաձգվում է, թե ոչ: Եթե մեր իրականությունը ճիշտ հաշվի առնենք, ավելի հավանական է, որ կերկարացնեն: Քննիչը պատճառաբանում է, թե գործողություններ պետք է կատարենք, ստանդարտ խոսքեր, թե իբր ազատության մեջ լինելու դեպքում իմ պաշտպանյալը կթաքնվի, կխոչընդոտի քննության ընթացքին, կվերացնի ապացույցները: Բայց մի նկատառում, եթե այդ բաներն անելու դեպքում ինքը ինչո՞ւ պետք է ինքնակամ ներկայանար»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ Գոռ Առաքելյանը դեռ ցուցմունք չի տվել, մեղադրյալների միջեւ էլ առերեսում չի եղել: Հարցին՝ արդյոք 5 անձի վիրավորած երիտասարդը հաղորդում տվել է Նորայր Մելքոնյանի եւ Վալերի Հովհաննիսյանի կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ, Երեմ Սարգսյանը պատասխանեց, որ ոչ, քանի որ քննություն է ընթանում եւ ընթացքում ամեն ինչ կպարզվի:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։





























