Ռուսաստանի պետդումայում սեփական անաշխատունակ ծնողների մասին չհոգացող անձանց վարչական պատասխանատվության նոր օրինագիծ է առաջարկվել: Փաստաթուղթը մշակել է «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Օլեգ Միխեեւը:

Միխեեւը առաջարկում է վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը լրացնել եւս մեկ հոդվածով, որի համաձայն՝  «Աշխատունակ չափահաս երեխաների կողմից իրենց անաշխատունակ ծնողներին խնամելու եւ հոգ տանելու պարտականության չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը» կպատժվի նախազգուշացմամբ կամ 100-ից մինչեւ 1000 ռուբլի տուգանքով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Պատգամավորը օրինագծի բացատրագրում պարզաբանում է, որ գործող օրենսդրութամբ, ծնողներին կամ անչափահասների օրինական ներկայացուցիչներին կարելի է վարչական պատասխանատվության ենթարկել, եթե նրանք չեն կատարում երեխաների դաստիարակության հետ կապված իրենց պարտավորությունները: Սակայն Ռուսաստանում նմանաօրինակ պատասխանատվություն չի նախատեսվում իրենց անաշխատունակ ծնողներին խնամել չցանկացողների նկատմամբ, պնդում է Միխեեւը:

Նախարարը նաեւ առաջարկում է բարձրացնել իրենց երեխաներին խնամելու եւ դաստիարակության հետ կապված պարտավորությունները չկատարող ծնողների նկատմամբ տուգանքը ներկայիս 500 ռուբլուց մինչեւ 1000 ռուբլի: