Հերթական անգամ ականատես ենք լինում, երբ մարդիկ իրենց վստահված ոլորտներում առաջընթաց ապահովելու փոխարեն փնովում են այլոց աշխատանքը եւ անհիմն վատաբանում նրանց: Այս անգամ այդ պատիվ չբերող դերը ստանձնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Այդ մասին ասվում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանի տարածած հայտարարության մեջ:
«Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակից եւ իր անելիքներից խոսելու փոխարեն ֆեդերացիայի նախագահը կանխակալ վերաբերմունք է արտահայտում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարի հանդեպ` նրան մեղադրելով սպորտի հետ կապ չունենալու մեջ:
Պարզապես հիշեցման կարգով նշենք, որ սպորտի նախարարը 1992 թվականից ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում է`աշխատելով որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, բասկետբոլի մարզիչ, զբաղվել է գիտական աշխատանքով, դասախոս է, դոցենտ: Վատաբանելու փոխարեն կարելի էր ընդամենը հարցնել մարզաշխարհի ներկայացուցիչներից, թե պաշտոնավարման այսքան կարճ ժամանակահատվածում ինչ տպավորթյուն է հասցրել թողնել նախարարը` առաջնորդվելով մարզաշխարհում համերաշխության եւ փոխընբռնման մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությամբ:
Հիշեցնենք` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ կառավարության ծրագրերին համապատասխան վճռական է հայրենական սպորտում առաջընթաց եւ զարգացում ապահովելու գործում: Նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն, քայլ առ քայլ լուծվելու են կուտակված խնդիրները ` բարձր պահելով հայկական սպորտի պատիվը:
Մենք ոչ մի մարզաձեւի հանդեպ խտրականություն չունենք եւ պատրաստակամ ենք օգնել նաեւ հայկական ֆուտբոլին, որտեղ ցավալի բացթողումներ եւ տապալումներ կան: Վերջին օրերին եվրագավաթներում ՀՀ բարձրագույն խմբի թիմերի անփառունակ արդյունքները դրա վառ ապացույցն են:
Հայկական սպորտն ունի վառ անցյալ, բավական հուսադրող ներկա եւ ապագա, բայց դրա համար պետք է աշխատել ու ոչ թե վատաբանել այլոց աշխատանքը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը NEWS.am-ին տված հարցազրույցում ասել էր, թե «սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել մի մարդ, որը ոչ մի կապ չունի սպորտի հետ»:





























