Հուլիսի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
«Արի տուն» 2014թ ծրագրի չորրորդ փուլին մասնակցելու համար հայրենիք են ժամանել 206 պատանի եւ երիտասարդ ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Բելգիայից, Իսպանիայից, Չեխիայից, Լիբանանից, Սիրիայից, Կիպրոսից, Իսրայելից, Թուրքիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից:
Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Ողջունելի է, որ որոշել եք ձեր ամառային հանգիստն անցկացնել Մայր Հայրենիքում: Այս երկու շաբաթների ընթացքում կբարեկամանաք եւ այդ մտերմությունը կշարունակեք նաեւ հետագայում: Ծրագրի շրջանակներում կայցելեք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Եռաբլուր պանթեոն, պատմական եւ տեսարժան վայրեր: Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ խորհրդանշական տարելիցը, եւ մենք ձեզ հետ միասին ենք պայքարելու հանուն պատմական արդարության վերականգնման»: Նախարարը հորդորեց մասնակիցներին խոսել միայն հայերեն եւ ծրագրի ավարտին հեռանալ Հայրենիք վերադառնալու պայմանով:
Ավանդույթի համաձայն՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ծրագրի մասնակիցներից մեկին՝ Կիպրոսից ժամանած 13-ամյա Ռուբեն Հովհաննիսյանին, հագցրեց «Արի տուն» տարբերանշանով շապիկ եւ գլխարկ:
Միջոցառման ընթացքում սփյուռքից ժամանած պատանիները հանդես եկան հայրենասիրական ստեղծագործությունների կատարումներով: Ներկաներին իր երգով ողջունեց Շանթ հեռուստաընկերության «X ֆակտոր» հեռուստածրագրի՝ Տյումենի մասնակից Գեւորգ Փաշայանը:
Ելույթներով հանդես եկան եւ հայապահպանությանն ուղղված այս ծրագրի կազմակերպման համար սփյուռքի նախարարությանը շնորհակալություն հայտնեցին սփյուռքից ժամանած պատանիների ծնողները եւ հյուրընկալ ընտանիքի անդամները:
Ծրագրի մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական եւ տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական եւ մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր եւ երգեր: Նախորդ փուլերի նման այս փուլում եւս նախատեսվում է 4-օրյա ճամբարային ծրագիր Ծաղկաձորում:





























