Հայաստանում վաղ մրգերի եւ բանջարեղենի մեջ քիմիկատների ավելցուկ չի գրանցվել: Այս մասին հուլիսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարական տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Նրա խոսքով, խնդրի շուրջ համընդհանուր մտավախությունը չի համապատասխանում իրականությանը:
«Պետք չէ վաղ հասունացած մրգերը կամ բանջարեղենն անպայման վտանգավոր համարել: Դրանց մոտ պոտենցիալ վտանգն ավելի մեծ է, բայց՝ պոտենցիալ: Մենք վերահսկում ենք իրավիճակը եւ մշտական ստուգումներ ենք անցկացնում»,- նշեց Նիկոյանը: Ըստ պաշտոնյայի, ոչ մասնագետին կարող են խաբել համային զգացողությունները. այն, ինչը կողքից մարդուն կարող է թվալ նատրիտների ավելցուկ, իրականում այս կամ այն տեսակի ծիրանի կամ լոլիկի յուրահատուկ համն է:





























