Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նախկին պետ Նորայր Մուրադխանյանը պաշտոնանկ լինելուց հետո դեռ այլ պաշտոնի առաջարկ չի ստացել: Նա կադրային ռեզերվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Նորայր Մուրադխանյանը: «Հանգստանում եմ, դեռ որեւէ առաջարկ չկա»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ վերջինս ազատվեց զբաղեցրած պաշտոնից համակարգում կառուցվածքային փոփոխության հետեւանքով: Տարածքային անձնագրային բաժանմունքները ապակենտրոնացան և գործում են ոստիկանության բաժինների ենթակայությամբ, ինչպես նախկինում էր: Այդ փոփոխության արդյունքում Անձնագրային վարչությունը զբաղվում է բացառապես քաղաքացիության, վիզաների, օտարերկրացիների հարցերով, իսկ բուն աշխատանքով՝ տարածքային բաժինները:
Այս փոփոխության դրական ու բացասական կողմերին նախկին ղեկավարը չի ուզում անդրադառնալ. «Ստրուկտուրան ոնց հարմար գտել է, արել է: Ով որ փոփոխությունը կատարել է, նա էլ կիմանա՝ ինչով է պայմանավորված: Հարազատս, եթե ես իմանայի դրա լավ կողմը, նախաձեռնությունը ինձանից կլիներ, դրա համար ասում եմ՝ փոփոխություն իրականացնողից պետք է հարցնել, թե ինչով էր պայմանավորված»:
Մեր դիտարկմանը թե եթե նույնիսկ ինքը չի, որպես նախկին պատասխանատու՝ չի՞ կարող նշել դրական եւ բացասական կողմերը, պնդել է. «Ոչ, ոչ»: Իսկ եթե կառուցվածքային փոփոխություններ տեղի չունենային կշարունակե՞ր աշխատել, թե արդեն հասունացել էր պաշտոնանկության հարցը, ասել է. «Որտեղ գտան նպատակահարմար, այնտեղ էլ ծառայելու եմ, իմ պաշտոնանկությունը դրանով չէր պայմանավորված, Դուք հարցը պետք է տաք նրան, ով որ այդ փոփոխությունները իրականացնում է»,-ասել է Անձնագրային եւ վիզաների նախկին ղեկավարը՝ այդպես էլ չնշeլով իր պաշտոնանկության բուն պատճառը:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Մուրադխանյանը պաշտոնանկ եղավ եւ նրան փոխարինում է Միշա Սարդարյանը:





























