Արարատյան արտեզյան ավազանում տեղի ունեցածը հանցագործություն է: Այսպես է որակել Արարատյան դաշտի ստորգենյա ջրային ռեուրսների սպառումը Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը «ԷկոԼուրի» «Բիբլիական աղետ» ֆիլմի քննարկման ժամանակ:
Նա հիշեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն կողմից իրականացված «Մաքուր ջուր եւ էներգիա» ծրագրի շրջանակներում կատարված հետազոտության արդյունքում արված առաջարկությունները:«Այնտեղ պարզ գրված է` եթե Արարատյան դաշտում ներկա ձեւով շարունակվի ջրօգտագործումը, չպահպանելով 1984թ-ի հորատանցքերով սահմանված միջին տարեկան ջրառի 34.7 խմ/վրկ-ը, ինչ մեզ կսպասի մոտակա 1-2 տարիների ընթացքում՝
- կշարունակվի ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցումը եւ ջրաքանակի նվազումը 5-10 տոկոսով, ավազանի կենտրոնական մասից դեպի հյուսիս-արեւմուտք ուղղություններով
- կշարունակվի ինքնաշատրվանող գոտու տարածքի փոքրացումը, հիդրոստատիկ դրական ճնշման անկման արդյունքում կշարունակվի Սեւջուր-Ակնալիճ աղբյուրների խմբի ջրատվության նվազումը մինչեւ ջրատվության դադարեցում:
Սա իրենց եզրակացությունն է մասնագիտական վերլուծության արդյունքում: Իրենք առաջարկում են՝ պետք է Արարատյան արտեզյան ավազանում ստորերկրյա ջրերից ընդհանուր ջրառը սահմանափակել 34.7 խմ/վրկ, այսինքն, տարեկան մոտ 1 միլիարդ 100 միլիոն խմ: Մարդիկ բոլոր թվերը մասնագիտորեն հիմնավորված տրամադրել են Հայաստանի կառավարությանը: 2014 թ-ին ներկայացվեց այս հաշվետվությունը, եւ կառավարությունը ոչինչ չի արել: Ձկնաբուծարաններում նույն կերպով շարունակվում է ջրաքանակի բացթողումը, սակայն այստեղ ձկնաբուծարանների համար հատուկ նշված է` ձկնաբուծական նպատակով պետք է տրամադրվի 12 խմ/վրկ: Փոքր ձկնաբուծարաններն անիմաստ փակում են, իսկ այն մեծերը՝ «Յունիֆիշը», «Ալեքս Գրիգը» եւ մյուսները, որոնք խփել են հսկայական հորեր, դրանք շարունակում են աշխատել: Այսքանից հետո կառավարությունն առանց մասնագիտական հիմնավորման, առանց հանրային քննարկման, առանց վերլուծության որոշեց, որ պետք է նորից 110 հորատանցք բացվի: Երբ պարոն փոխվարչապետը նստած էր այս ծրագրի շնորհանդեսին, ասում էր. բա ո՞ւր էին այս լրագրողները, բնապահպանները, բա ժամանակին ասեիք, իմանայինք, որ այսպիսի խնդիր կա»,- մասնավորապես ասել է Լեւոն Գալստյանը:
Լեւոն Գալստյանին պատասխանել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը` մասնավորապես ասելով. «Ճիշտն ասած, Ձեր հարցերին ավելի հստակ կպատասխաներ բնապահպանության նախարարությունը, որովհետեւ Ջրային տնտեսության կոմիտեի իրավասության մեջ չէր մտնում այդ հարցը, բայց այնքանով, ինչքանով որ տեղյակ եմ, որոշակի գործողություններ արդեն իսկ իրականացվել են, կառավարությունը գործողություններ իրականացրել է` փականային ռեժիմի բերել, ավտոմատ ջրաչափական համակարգեր տեղադրել, կոնսերվացնել եւ այլն»:





























