ԵԱՀԿ-ն քննարկում է անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ռուս-ուկրաինական սահմանի դիտարկում անցկացնելու հնարավորությունը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ղեկավար Դիդիե Բուրկհալտերի՝ կառույցի կայքում հրապարակված հայտարարությունում:
Նախօրեին Բուրկհալտերը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ՝ նրանց հետ քննարկելով սահմանի վերահսկողության նպատակով անօդաչու սարքեր օգտագործելու հարցը: ԵԱՀԿ նախագահի խոսքով, Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հավանություն են տվել նման նախաձեռնությանը:
Բացի այդ, ԵԱՀԿ-ն հուլիսի 15-ին տեխնիկական խումբ է ուղարկելու Ռոստովի մարզ, որը դիտարկելու է ռուսական հսկիչ-անցագրային կետերում դիտորդների տեղակայման հարցը:
Ավելի վաղ Ռուսաստանը կառույցի «դիտորդներին» հրավիրել էր «Դոնեցկ» եւ «Գուկովո» սահմանային անցակետեր, որոնք տուժել էին ուկրաինական ուժայինների ռմբակոծության հետեւանքով:





























