Միգրանտների համար հեշտացրել են Ռուսաստանի մասին գիտելիքները քննող թեստերը, որոնք նրանք պետք է հանձնեն սեպտեմբերի 1-ից, փոխանցում է «Իզվեստիան»: 

«Շատ հարցեր հեշտացվել են, հանվել են դերբայական դարձվածները, որոշ բառեր փոխարինվել են նկարներով», — ասել է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի ռեկտորի տեղակալ Անժելա Դոլժիկովան:

Թեստերից հանել են պատմության վերաբերյալ մի քանի հարցեր: Շատ բարդ են ճանաչվել հետեւյալ հարցերը. «Որտե՞ղ է գտնվում ԴՄԾ-ն», «Ո՞ւմ է տրվում դիվանագիտական վիզա»:

Պատմության թեստերից  հեռացվել է 16 հարց, վեց հարց էլ` «ԽՍՀՄ-ն հետպատերազմյան  շրջանում» բաժնից:

Ժամանակակից Ռուսաստանի պատմության  վերաբերյալ չորս հարց եւս հանվել է թեստից:

Միգրանտները քննությունները կարող են հանձնել սեպտեմբերի 1-ից: 2014 թ. թեստավորում պետք է անցնի շուրջ 3,5 միլիոն մարդ:

Թեստավորումը վճարովի է: Ներկայումս ռուսերենի քննությունը կարելի է հանձնել` վճարելով  3 հազար ռուբլի: