Իրաքը «չկայացած պետություն է», որը պետք է երեք մասի բաժանել, այդ թվում նաեւ` անկախ Քրդստանի, հայտարարել է Քրդերի ինքնավարության արտգործնախարար Ֆալահ Մուսթաֆա Բաքերը:

Ըստ նրա` Իրաքի սուր ճգնաժամի համար պատասխանատվությունը կրում է կենտրոնական կառավարության վարչապետ Նուրի Մալիքին  եւ նա պետք է հրաժարական տա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հուլիսի 15-ին իր աշխատանքն է սկսում Իրաքի խորհրդարանը, որը նոր կառավարություն կփորձի ձեւավորել: 

Ավելի վաղ քուրդ ներկայացուցիչները դուրս էին եկել ալ Մալիքիի կառավարությունից` ի նշան այն բանի դեմ բողոքի, որ վարչապետը քրդերին մեղադրել էր ծայրահեղականներին օգնելու համար:

Համաշխարհային հանրության ներկայացուցիչները բազմիցս կոչ են արել Իրաքի քաղաքական գործիչներին միավորել ջանքերը`  «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ծայրահեղական սուննի խմբավորման դեմ:

Գրոհայիններին հաջողվել է վերահսկողության տակ առնել երկրի տարածքի սուննիական հատվածը: