Գերմանիայից կրած սենսացիոն պարտությունից հետո Հայաստանում Բրազիլիայի դեսպանը չի հասկանում, թե ինչու Բրազիլիայի ազգային հավաքականն այդպես ջախջախիչ պարտություն կրեց, սակայն միեւնույն ժամանակ արդարացնում է՝ նշելով, թե լարվածություն կար եւ հավաքականը չէր կարողանում ինքն իրեն գտնել դաշտում։
«Բոլորը մեղադրում են, որ պաշտպանական ռազմավարություն չկար, տակտիկա չկար։ Բոլորն էլ հիասթափված են, դուք ականատես եղած արցունքների, որոնք հավաքականի երկրպագուները թափեցին էկրաններին եւ իհարկե, կար հիասթափություն։ Բոլորը զարմանում են, թե ինչպես կարելի էր նման պարտություն կրել եւ խաղը դիտելուց հետո ոչ մի բացատրություն չեմ կարողանում գտնել։ Կարելի է մեղադրել մարզչին եւ այդպես հեշտությամբ հարցին լուծում տալ, սակայն ես չեմ ուզում նրան մեղադրել, քանի որ հենց նրա շնորհիվ մենք նախկինում հաջողություններ ենք գրանցել։ Մեծ նշանակություն ուներ նաեւ Նեյմարի եւ Սիլվայի բացակայությունը։ Կային նաեւ խաղացողներ, ովքեր կարող էին շատ ավելի լավ հանդես գալ, սակայն չստացվեց։ Բայց եկեք չմոռանանք, որ մեր հավաքականը դեռեւս առաջիններից է, հնգակի չեմպիոն, մեր հավաքականի տասնհինգ խաղացողներ հանդես են գալիս եվրոպական բարձրագույն ակումբներում։ Եվ մենք շարունակում ենք հպարտանալ նրանցով»,- այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Բրազիլիայի Դաշնային հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն։
Այնուամենայնիվ, դեսպանն ընդունում է, որ արդեն հեռացված մարզիչը կարող էր հավաքական հրավիրել Կակային եւ Ռոնալդինյոյին, սակայն դա էլ երաշխիք չէր լինի հաղթանակի համար։
Նշենք, որ Աշխարհի առաջնությունում Բրազիլիան կիսաեզրափակչում պարտվեց Գերմանիային եւ դուրս մնաց հետագա պայքարից։





























