ԼՂՀ Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծումից հետո ադրբեջանական մամուլում հաղորդագրություններ եւ տեսագրություններ են հայտնվում, որոնք իբրեւ թե արվել են Հայաստանում:
Նման հաղորդագրություններից եւ տեսագրություններից մեկն էլ կայքում է: Դրանից հասկացվում է, թե իբր նախորդ տարվա հունիսին ՀՀ նախկին երկու բնակիչներ, որոնք այժմ Ադրբեջանի քաղաքացի են, եղել են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի շրջանում:
Կադրերում լեռներ են, եւ բավականին դժվար է դատել, թե որտեղ է նկարահանված տեսանյութը: Կադրերին ուղեկցում է ադրբեջաներեն զրույցը:
Այս կապակցությամբ NEWS.am-ի թղթակիցը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին՝ մեկնաբանության համար. «Ցանցում նախկինում էլ են նման «տեսահոլովակներ» հայտնվել՝ չգիտես որտեղ նկարահանված: Բացարձակապես ոչ մի ապացույց չկա, որ տեսագրությունն արվել է Հայաստանի տարածքում, այդ պատճառով էլ մեկնաբանություններն ավելորդ են»: Միեւնույն ժամանակ, Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ իրավասու մարմինները զբաղվում են այդ հարցով:





























