Հակառակորդը դիվերսիոն հետախուզական գործունեություն է ծավալել, ընդ որում, դիվերսիոն հետախուզական գործունեության մեջ հակառակորդի բանակի ղեկավարությունը նաեւ օգտագործում է հանցավոր խմբերի, որոնք ծանոթ են այդ տարածաշրջանին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, մի խումբ լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հաղորդում է A1plus-ը:
Նրա խոսքով՝ դիվերսանտները մեր օրենքներին համապատասխան հանցագործություն են կատարել եւ ԼՂՀ իրավապահ մարմիններն այսօր այդ խնդրի շուրջ քրեական գործ են հարուցել։ «Նրանք պատասխան կտան եւ մեր օրենքների, եւ միջազգային նորմերի պահանջների համաձայն»,-նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը միշտ էլ փորձել է ակտիվ լինել, եւ առաջին գծում լարվածություն ստեղծել։
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր մեկ անգամ եւս ընդգծել է, որ հայերը չեն ուզում երկրորդ անգամ պարտադրված մտնել պատերազմի մեջ։
«Առաջին անգամ նրանք մեզ պարտադրել են պատերազմ եւ Արցախի ժողովուրդը պատվով է դուրս եկել, ունեցել է հաջողություններ, հաղթանակ է տարել, հիմա փորձում են լարվածությամբ ազդեցություն գործել բանակցային գործընթացի վրա՝ միակողմանի հաջողություններ, միակողմանի զիջումներ ունենալով»,- ընդգծել Սեյրան Օհանյանը։





























