Արմավիրի մարզի չորս բնակիչներ մեղադրվում են իրենց քրոջ ամուսնուն առեւանգելու եւ ծեծի ենթարկելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել մարտին: Արմավիրի մարզի բնակչուհին ամուսնանալուց հետո իր տուն է հրավիրել քեռիներին եւ հայտնել, որ 2010 թվականին իր հայրն իրեն բռնաբարել է: Մորեղբայրները նորությունը լսելուն պես դուրս են եկել տնից եւ գնացել քրոջ ամուսնու հետ: Գնումներ կատարելու ու միասին ընթրելու կեղծ պատրվակով խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով նրան առեւանգել են եւ տարել գյուղի կիսակառույց տուն, կապկպել կպչուն ժապավենով եւ ծեծի ենթարկել նրան` դիտավորությամբ առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:

4 եղբայրներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը նախատեսում է ազատազրկում առավելագույնը հինգ տարի ժամկետով, եւ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը նույնպես նախատեսում է ազատազրկում, սակայն արդեն յոթից տասը տարի ժամկետով:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: