Մոսկվայում հանցավոր խմբավորումների շուրջ 70 ներկայացուցչի են ձերբակալել գողական հավաքի ժամանակ, հայտնում է Մոսկվայի ՆԳՆ ԳՎ կայքը:

Հուլիսի լույս 15-ի գիշերը ոստիկանության աշխատակիցները  Մոսկվայի արեւելքում գողական հավաքը կանխելու  գործողություն են իրականացրել:

«Բոգորոդսկի Վալ փողոցի տներից մեկի մոտ իրավապահները ձերբակալել են կազմակերպված հանցախմբերի 68 ներկայացուցչի, որոնք, ըստ  տեղեկությունների, հավաքվել էին Մոսկվայում ազդեցության ոլորտները բաշխելու եւ համատեղ հանցագործությունների կատարման համար», - ասվում է հաղորդագրությունում:

Բոլոր ձերբակալվածները  բերման են ենթարկվել ոստիկանություն:

Ըստ գերատեսչության՝ հանդիպման կազմակերպիչը Տաջիկստանի Հանրապետությունից 31-ամյա մի տղամարդ է, որը հանցակից է Մոսկվայի տարածքում 10 ավազակային հարձակումների:

Նշվում է, որ ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվել է հրազեն եւ տրավմատիկ ատրճանակ: Քրեական գործ է հարուցվել ՔԿ 222 հոդվածի հատկանիշներով (զենքի, դրա հիմնական մասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, պահպանում,  իրացում, տեղափոխում կամ կրում):